• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Փախստականներին դիտարկելու 5 ձև

(English)

Երբ Սիրիան կործանվեց, միլիոնավոր քաղաքացիներ ստիպված էին լքել իրենց տների ավերակները: Հնարավո՞ր է արդյոք հասկանալ նրանց ճակատագիրը արվեստի միջոցով:

1. Վավերագրություն – Տներ՝ առանց դռների

Ավո Գաբրիելյանը դուրս է նայել իր տան պատուհանից և իր տեսախցիկով վավերագրել տեսածը, որը Ավոյի կարծիքով իր երկրի վախճանն էր: Այս ամենի արդյունքը «Տներ՝ առանց դռների» ֆիլմն էր, որի պրեմիերան կայացավ 2016 թ.-ին Բեռլինալեում: Ֆիլմը ներկայացնում է սիրիացիների կյանքը սեփական երկրում և տեղահանման մեջ: Բայց Գաբրիելյանը ներկայանում է քննադատական մոտեցմամբ, ու «Տներ՝ առանց դռների»-ն կատարյալ օրինակ է այն բանի՝ ինչպես նկարահանել ֆիլմ, որը ոչ ոք չի կարող օգտագործել՝ հանուն սեփական շահի:

Ավո Գաբրիելյան, «Տներ՝ առանց դռների» ֆիլմի թրեյլերը

2. Լուսանկարչություն – Վիրավոր երեխան

Նույնը չի կարելի ասել Օմրան Դաքնիշի («Վիրավոր երեխան») լուսանկարի մասին, որը 5 տարեկան տղային վերածեց Սիրիայի կործանման խորհրդանիշի: Նա նստած է միայնակ՝ առանց որևէ զգացմունքի, անտարբեր, ցնցված և հոգնած: Կանխատեսելով` ինչպես է գործածվելու սեփական որդու լուսանկարը, Օմրանի հայրը՝ Մոհամադ Խեյր Դաքնիշը, որոշում է փոխել Օմրանի անունը և սանրվածքը, որպեսզի ոչ ոք նրան չճանաչի, իսկ կպչուն լրագրողները չփորձեն կրկին տեսագրել կամ նկարահանել նրան: Թե՛ կառավարությունը, և թե՛ ընդդիմադիր ուժերը փորձել են այս լուսանկարն իրենց նպատակներին ծառայեցնել:

Օմար Դաքնիշը՝ շտապ օգնության մեքենայում

«Վիրավոր երեխան»

3. Վիրտուալ իրականություն – Ամպեր՝ Սիդրայի գլխավերևում

Արվեստի նոր ձևերը մեզ թույլ են տալիս անելու ավելին, քան ճգնաժամ տեսնելն ու դրա մասին լսելն է: Դրանք մեզ տալիս են այդ ամենին մասնակից լինելու հնարավորություն (կամ միգուցե պատրանք): Դիտե՛ք 12 տարեկան Սիդրային, ով ձեզ հետ միասին շրջում է Հորդանանում գտնվող փախստականների ճամբարի իր տանը: Անգամ եթե VR ակնոց չունեք, վավերագրական ֆիլմը դիտելիս կարող եք փոխել տեսարանը նավիգացիայի օգնությամբ: Մինչ ավելի տանելի տեսարանների վերադառնալը, տեսեք` կարո՞ղ եք արդյոք դիմանալ այդ 9 րոպեն Սիդրայի պատերից ներս՝ զուտ աչքերի կարգավիճակով:

«Ամպեր՝ Սիդրայի գլխավերեւում»

4. Փողոցային արվեստ – Սթիվ Ջոբսը ջունգլիում

Բենքսի մականունով Անգլիայում բնակվող անհայտ գրաֆիտի արտիստն իր հետքն է թողել Ֆրանսիայի Կալե քաղաքի` փախստականների` «Ջունգլի» անունով ճամբարի պատերին, որը Արևմտյան Եվրոպայում փախստականների ամենամեծ ճամբարն է: «Ջունգլի»-ում նրա ամենահայտնի որմնանկարը պատկերում է Սթիվ Ջոբսին փախստականի կերպարում` ձեռքերում` Apple համակարգիչ և ուսապարկ: Իհարկե Ջոբսի մայրը փախստական էր: Բայց բարոյական հարցը մնում է անպատասխան. արդյո՞ք մենք պետք է ավելի քիչ հոգ տանենք այն փախստականների մասին, ովքեր ապագայում կարող են դառնալ ուսուցիչներ կամ շինարարներ: Այդուհանդերձ, «Ջունգլիի»` իր անտանելի պայմաններով հայտնի խորքերում Apple-ի նախկին գործադիր տնօրենի համարձակ պատկերն այնպիսի խոսուն իմաստ է կրում, որը դժվար է վերացնել:

Սթիվ Ջոբսի պատկերը՝ փախստականի կերպարում

Սթիվ Ջոբսի պատկերը՝ «Ջունգլի» անունով փախստականների ճամբարում

5. Երաժշտություն – «Խոստումը»

2017 թ.-ի մայիսի 18-ին աշխարհը սգում էր Քրիս Քորնելի անսպասելի մահը: Դրանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ ռոք աստղ և բարերար Քորնելը «Քրիս և Վիկի Քորնել հիմնադրամ»-ի անունից այցելել էր փախստականների` Աթենքում գտնվող մի ճամբար` փախստական ընտանիքներին օգնություն առաջարկելու: Իսկ հիմա՝ շաբաթներ անց, մենք բացահայտում ենք, որ նա ինչ-որ բան է թողել մեզ համար: Դա իր վերջին երգի՝ նույնանուն ֆիլմի վերջում հնչող «The Promise»-ի (Խոստումը) տեսահոլովակն է: Այն թողարկվել է այսօր՝ Փախստականների համաշխարհային օրը, և ամբողջ հասույթը տրամադրվելու է Փրկության միջազգային կոմիտեին:

Եվ դու տալիս ես մի խոստում,

Մի հավերժական խոստում՝

անկախ գնից.

Խոստում` գոյատևելու,

պահպանելու ու ծաղկելու,

ինչը և միշտ մենք ենք անելու:

Քրիս Քորնել, «Խոստումը» (The Promise)

#keepthepromise