• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Երկխոսություն Դեյվիդ Թոմսոնի հետ - Մաս 2. Քննադատ դառնալը

(English)

 

Կինոքննադատ Դեյվիդ Թոմսոնի հետ զրույցի առաջին մասը կարդալու համար սեղմել այստեղ:

 

 

Մաս երկրորդ. Քննադատ դառնալը

 

ԱՄ. Ես պատրաստվում էի հարցնել, թե երեխա ժամանակ ո՞ր ֆիլմերն են Ձեզ  ստիպել գոռալով դուրս վազել:  Դուք նշեցիք Օլիվյեի «Հենրի V-ը»:

 

ԴԹ. Դե, դա ուժեղ էր: Հետո Լեսսիի մասին ֆիլմը կար, որտեղ  Լեսսիին հետապնդում է գեստապոն։ Սիրտս կոտրեց:

 

ԱՄ.  Այդպիսի ֆի՞լմ կար. գեստապոն  հետապնդում էր Լասսիի՞ն:   

 

ԴԹ. Նրան չբռնեցին, իհարկե, բայց, այո: Ինչ-որ եվրոպական երկրում էր: Գեստապոն նրան հետապնդում էր: Կարևոր չէ, թե ինչ պատճառներով, բայց գիտե՞ք, ես շատ էի ազդվել, սարսափահար էի: Ես դեռ բնավ տեղյակ չէի՝ ինչպես է կինոն աշխատում, փոքր էի, որ հասկանայի՝ գեստապոն նրան չէր բռնելու:

Ուրիշ ֆիլմեր կային, որտեղ գեստապոն մարդկանց էր բռնում, բայց դա այլ ժանրից է:

 

Ընդհանրապես, վախն ինձ համար կինոյի հանդեպ վաղ և ուժգին պատասխան էր: Դա նաև կապ ուներ տեղի բնույթի հետ: Այն կինոթատրոնները, որ ես հաճախում էի, հարաբերականորեն մեծ էին և լեցուն: Դա կինո հաճախելու ամենավառ շրջանն էր՝ ճիշտ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այնպես որ հաճախ պետք էր հերթ կանգնել ներս մտնելու համար: Իսկ ներսում հայտնվում էիր մեծ, երկար շարքերի արանքում, և բոլոր տեղերը զբաղված էին: Այնպիսի մի զգացողություն էր, որ թակարդի մեջ ես ընկել: Եվ ինձ համար կինոդահլիճը սարսափեցնող տեղ էր, սակայն նրբորեն սարսափեցնող, որ կարող էի արցունքը դեմքիս՝ դուրս գալ՝ զգալով, որ պիտի հետ դառնամ ու նորից նայեմ:   

 

Կարծում եմ՝ դեռևս մի հրաշալի նախազգացում կա մշտապես. ի՞նչ է տեղի ունենալու: Ակնհայտորեն, որոշ ժանրեր, ինչպես սարսափ ֆիլմը կամ թրիլլերը, դրանում ավելի մեծ դեր ունեն, քան մյուսները, սակայն  այն զորությունը, որ պատկերն ունի՝ Ա-ից Ֆ ակնթարթից ավելի արագ շարժվելով, ուղղակի ֆանտաստիկ  է: Եվ  այդ զորությունն է, իմ կարծիքով, որ իշխում է մեզ:

 

«Լասսին» (1954 թ.՝ հեռուստասերիալ)

 

ԱՄ. Այն, թե ինչպես եք նկարագրում լեցուն կինոթատրոններում ունեցած Ձեր փորձառությունը…  

 

ԴԹ. Եվ բոլորը ծխում էին…   

 

ԱՄ. Եվ ծխի ամպերը բարձրանալով մշուշում էին էկրանը…

 

ԴԹ. Գիտե՞ք՝ ինչ էի սիրում անել. նայել պրոյեկտորի ճառագայթին, որը ծխի մեջ կենդանանում էր: Դա ուրիշ տիպի տեղ էր, սակայն էլի՝ լեցուն:

 

ԱՄ. Վստահ չեմ՝ տարբե՞ր է արդյոք ֆիլմը լեցուն դահլիճում դիտելը. հատկապես եթե դա սարսափ ֆիլմ է կամ կատակերգություն:

 

ԴԹ. Տարբերությունը մեծ է: Կատակերգությունը մենակ նայել և այն նայել 1500 հոգու հետ՝ կարծես տարբեր ֆիլմեր լինեն:

 

ԱՄ.  Ես նրանց կողմից եմ, ովքեր հեռուստատեսության վերջին քսանհինգ տարին անվանում են կոմեդիայի ոսկե դար:

 

ԴԹ. Օհ, այո՛. հեռուստատեսությամբ ֆանտաստիկ բաներ կան. ֆանտաստի՜կ…

 

ԱՄ. Կոմեդիան հիմա շատ ավելի հեռուն է գնացել. պիտի ծիծաղեցնի քեզ միայնակ։

 

ԴԹ. Եվ իհարկե դրա վերաբերյալ մի այլ բան կա, որն այնքա՜ն գրավիչ է իմ կարծիքով. հեռուստատեսության ընդհանրականությունը ու այն ամենը, ինչի մասին խոսում եք, վերադարձ է գործարանային ստուդիայի համակարգին։ Դրանք արվում են մարդկանց եռանդուն խմբերի շնորհիվ, որ ժամեր շարունակ ծանր աշխատանք են կատարում՝ իսկական գործընկերության ոգով:

Իսկապես հաջողություն ունեցող երկարատև սերիալներից յուրաքանչյուրն իր թիմն ունի։ Ու դա նման է ստուդիայի մի  համայնքի, որտեղ նույն դերասանները գուցե քսան անգամ միևնույն օպերատորի հետ պիտի աշխատեն: Եվ այդպիսով` ֆանտաստիկ քանակի շատ բան կարելի է սովորել:

 

ԱՄ. Նկարահանման հրապարակում  իրականացվող այդ թիմային աշխատանքը ողջ գործընթացի ամենառոմանտիկ մասն է: Դա ինձ նավերի մասին է հիշեցնում. միջնադարյան նավերի… Երբ Ա կետից Բ կետը հասնելը խոշորագույն արկածախնդրություն էր:    

 

ԴԹ. Լիովին համաձայն եմ: Պիտի ասեմ, որ  երբևէ ունեցածս ամենաերջանիկ ստեղծարար փորձառությունը նման թիմի հետ պիես բեմադրելն է եղել, փորձեր անելը և բեմ հասցնելը: Եվ ֆիլմերի դեպքում էլ է այդպես: Դրանց մասնաբաժանումն այլ կերպ է, սակայն հին ստուդիաների օրերում չկար մի հարց, որ թիմային ոգով չլուծվեր. նրանք՝ բոլորը, զգում էին, որ շահագործվում են (և իրոք այդպես էր), բայց և գիտեին, որ անում են մի բան, որն իսկապես սիրում են: Եվ ֆիլմեր էին արվում, որոնք  փոխեցին աշխարհը: Լավ թե վատ՝ այդ ֆիլմերն այն ժամանակների զվարճանքի ոլորտի դրսևորումներն էին:  Իսկ այն օրերին (ես խոսում եմ ճգնաժամի և  պատերազմի տարիների մասին) կինոն շատ բան արեց աշխարհին սատարելու համար: Եվ հիմա գիտակցում եք, թե ինչն է այսօր պակասում: Մենք այլևս չունենք այն մեծ համայնքային փորձառությունը և  դրանից ինչ-որ չափով տառապում ենք:

 

ԱՄ.  Դրան ամենամոտը, որ հիմա ունենք, թերևս, սպորտն է: Եվ Դուք վերլուծել եք, թե ինչպես հեռուստատեսությունը դրամատիկ  կատարողների վերածեց Քրիստիանո Ռոնալդուի ( նրան այդպես են անվանել, ինչպես Դուք եք նշում, ի պատիվ իր հոր սիրելի դերասան Ռեյգանի) պես սպորտսմենների:

 

ԴԹ. Ճիշտ այդպես: Իմ կյանքում մեծ իրադարձություն էր Անգլիայից Ամերիկա գալը, որտեղ ես ստիպված էի երեք նոր սպորտաձև սովորել: Ես հինգ սպորտաձևի մարդ եմ. կրիկետ, ֆուտբոլ, ամերիկյան ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ:

 

ԱՄ. Ես էլ` հինգից չորս: Ես մականախաղից ազատագրվեցի 1776-ի քաղաքական իրադարձությունների միջոցով:

 

ԴԹ. Այո [ծիծաղելով], արդարացի է:  Մոլուցքի պես մի բան է: Այնքան երկար է տևում, սակայն եթե կրիկետի մշակույթում եք աշխարհ եկել, այն դառնում է կյանքի շատ կարևոր մասը:  

 

ԱՄ. Ես որոշակիորեն տեսնում եմ օրեր ձգվող խաղի սիրավեպը: Դա նման է ուիք-էնդի՝ այն խորհրդավոր սպանություններով լի նավարկություններին (չգիտեմ, թե ինչու է միտքս ծովով այդքան տարված), բայց նույնիսկ սպորտը մասնատումից զերծ չէ: Ընդամենը մի քանի տարի առաջ սպորտային ուղիղ հեռարձակումները հեռուստացանցի վերջին ոսկե տոմսակն էին համարվում: ESPN-ը անցյալ տարի նույնիսկ բաժանեց իրավունքերի ողջ  գումարը, [24 միլիարդ դոլար NBA-ին՝ ինը տարվա համար, 2.64 միլիարդ Big Ten Conference-ին՝ վեց տարվա համար] և հիմա նրանց բաժանորդների բազան անկում է ապրում: Հեռուստատեսային ուղիղ եթերը՝ որպես որոշակի արժեք ունեցող մի բան, հանկարծ միանգամից կորցրեց իր իմաստը:  

 

ԴԹ. Զարմանալի է։ Ավելի վաղ հենց սրա մասին էինք խոսում. տեխնոլոգիական ու առևտրային փոխգործակցությունը հանկարծ կարող է քեզ տանել մի ուղղությամբ, որի մասին անգամ չես էլ երազել: Եվ դա շարունակվելու է:

 

ԱՄ. Սպորտն ու նորությունները (երբ  O.J.-ն է վարում) միակն են ուղիղ եթերում: Ըստ մեզ՝ խաղ նայելու միայն երկու ձև կա. ֆիզիկապես ներկա լինելով կամ հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով: Սակայն ուղիղ եթերի հանդեպ հետաքրքրությունը, թերևս, նվազել է:  

 

ԴԹ. Հիմա արդեն մի շատ ֆանատաստիկ թեմա եք շոշափում։ Արդեն կարծես մի դար է՝ այն զգացողությունն է, որ ժամանակն անցնում է իրականի պես, որ տեսնում ես իրական մարդկանց՝ իրական վայրերում. միանգամայն էական նշանակություն ունի այն փորձառության համար, որին մենք նվիրված ենք, և համաձայն եմ, որ այն նվազում է: Կարծում եմ՝ մարդիկ կորցնում են իրական իրադարձության բերկրանքը: Իսկապես… Չեմ կարող բացատրել, որոհետև չեմ զգում, բայց կարծում եմ, որ հենց դա է տեղի ունենում:

 

ԱՄ. «Հեռուստատեսություն. մի կենսագրություն» գրքի վերջում Դուք ցույց եք տալիս դիմակի տեսք ունեցող վիրտուալ իրականության սաղավարտով տղայի մի ուշագրավ նկար: Զգույշ է պետք լինել տեխնոլոգիայի մասին գրելիս, քանզի մի ծայրում անմիտ ոգևորությունն է, մյուսում՝ ՍԱՐՍԱՓԸ. միջին չկա:

 

ԴԹ. Մեր քաղաքականությունն էլ հենց դա է դարձել: Ոգևորիչ շրջան է, բայց շատ ահավոր: Իսկ երիտասարդության համար, կարծում եմ, շատ դժվար շրջան է: Իրոք, կարևոր է ուշադիր լինել, թե երեխաներն այդ ամենին ինչպես են հարմարվում: Այն, թե հինգ տարեկան կամ ավելի փոքր երեխան ինչպես է մարսում էկրաններից իրենց տներ մտնող ամենին, լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ հսկայական ազդեցություն է ունենալու:    

 

Ես ավելի ուշ գիտակցեցի, որ ֆիլմերից եմ սովորել՝ ինչ է սերը, որովհետև ֆիլմերում մարդիկ անընդհատ սիրահարվում էին: Ու այն զգացումն ես ունենում, որ սերը շատ կարևոր ու արժեքավոր բան պիտի որ լինի: Եվ գիտե՞ք՝ դա է աշխարհի շարժիչը: Մտածում եմ, որ նման սերը կարծես վերացել է, այսինքն ոչ թե վերացել է, այլ մի կողմ է քշվել: Եվ այլևս առաջվա պես չէ:  

 

Մեդիայի բոլոր միջոցների սահմանած կյանքի սպասելիքներն ահռելի կարևորություն ունեն, և չեմ կարծում՝ բավարար չափով ուսումնասիրվում են: Ես կարծում եմ Թրամփը… Թրամփը վատ մարդ է: Նա ինձ դուր չի գալիս. կուզեի՝ դա վերջանար. սա բարոյական տեսակետից: Բայց դրանից շատ ավելի կարևոր է այն, որ Թրամփն՝ ինքը, քաոս է: Իմ կարծիքով, եթե հինգ տարեկան ես, ապա իմացածդ բավարար չէ, որպեսզի հասկանաս, որ նա վատն է, սակայն իմացածդ հերիք է, որ զգաս քաոսը. թե ինչպես է նա ջղաձիգ անցումներ անում մի նյութից հակադիր նյութին: Եվ նա մի բանն այնպես կասի, որ կմտածես՝ «Օհ, ճիշտ է», հետո կասես` «Չէ, ճիշտ չէր»: Նման քաոսը և դրա հանդեպ նրա հակումը մեկ կամ մի այլ բանի, հեռուստատեսության ու «թվիթերի» առումով` խորն է: Կարծում եմ, շատ երեխաների համար Թրամփը զվարճալի է, դա հենց ամենավտանգավորն է. նա մուլտֆիլմի հերոսի է նման: Եվ կարծում եմ՝ կիսով չափ տեղյակ է դրանից:

 

ԱՄ. Ինձ հետաքրքիր է, թե աշխարհում քանի  հինգ տարեկան երեխա է դեռևս այդ խնդրին առնչվում: Նրանք պարտավոր չեն դիտել Թրամփին կամ շատ այլ բաներ, որ իրենց ծնողներն են դիտում: Նրանք ապրելու՝ իրե՛նց տարածքն ունեն:  

 

ԴԹ. Մի ամսագիր կար, որ կոչվում էր «TV Guide», և այն բոլորի տանը կար: «TV Guide»-ը պատմում էր՝ երբ, ինչ էր ցուցադրվում մոտ հիսուն ալիքով. դա այն ամենն էր, ինչ ունեինք 70-80-ականներին: «TV Guide»-ը վերացավ, որովհետև ընտրությունն այնքան մեծ էր, ու ոչ ոք չգիտեր՝ մարդիկ ինչպես ես ընտրում՝ ինչ նայեն: Շատերը՝ ուղղակի պատահականության սկզբունքով։Նրանք համացանցում սկսում են մի բան նայել, հետո շարունակում են հղումներին հետևել: Դրանք անկանխատեսելի են, պատճառաբանություններից անդին. կարող են քեզ առաջնորդել միանգամայն բացառիկ կերպով: Ընթացքում կարող ես մեծ գիտելիք կուտակել տարատեսակ բաների լայն դաշտի վերաբերյալ: Հետևաբար, մարդիկ կրթվում են՝ առանց գիտակցելու:  

 

Սակայն դա ևս քաոսային բնույթ է կրում: Քաղաքականության առումով, եթե մենք քաոսի մեջ ենք ապրում, ապա, իրոք, շատ բան չենք կարող անել դրա դեմ: Դա քաղաքական մոտիվացիայի կորուստ է: Սա ընդհանրացում է, սակայն ես կարծում եմ՝ եթե համեմատենք, ասենք, երեսուն տարի առաջվա հետ, ապա երիտասարդությունը հիմա քաղաքականությանն ավելի քիչ է հակված: Եվ դա պայմանավորված է տեխնոլոգիայով և նրանց՝ իրականությանը նայելու ձևով:   

 

TV Guide-ի շապիկներից 

 

ԱՄ.Ամեն դեպքում, ի՞նչ բնույթ ունի հիմա քաղաքականության հանդեպ հակումը: Մոլեռանդություն յուրաքանչյուրի հանդեպ, ով անհամաձայնությո՞ւն է հայտնում քեզ…

 

ԴԹ. Համաձայն եմ: Մեկի ճշմարտացիությունը՝ մյուսինի դեմ:

 

ԱՄ. Բայցևայնպես, ինձ հետաքրքիր է, արդյո՞ք ողջ այս հիստերիան այն պատճառով չէ, որ մենք հեռանկարից ելնելով՝ գործում ենք՝ ի հակառակ բնազդի. որ երբ իսկական թվային հեղափոխություն լինի, ծանոթ քաղաքական հակամարտությունները, ինչպես, օրինակ, սոցիալիզմն ընդդեմ կապիտալիզմի, նացիոնալիզմն ընդդեմ գլոբալիզմի, այլևս այդքան մեծ նշանակություն չեն ունենա՝ ճանապարհ բացելով առավել խիստ, առավել հիմնավոր, բայց անիմանալի մի բանի համար...   

 

Ինչը մեզ  դեպի վիրտուալ իրականություն է բերում: «Հեռուստատեսություն»-ում դուք վիրտուալ իրականությունը նկարագրում եք՝ որպես հիշողության պոտենցիալ մահ: Կարո՞ղ եք մանրամասնել:

 

ԴԹ. Կարծում եմ՝ մշակույթում ու տեխնոլոգիայում շատ բաներ են տեղի ունենում, որոնք նրբորեն օգնում են ալցհեյմեր հիվանդությանը: Ալցհեյմերն այն հիվանդությունն է, որից շատերը ամենից շատն են վախենում:  Բայց եթե կարողանաս մի բան անել հիշողությունն ինքնին հաղթահարելու համար, ապա հիշողության անկումն այլևս նույնը չի լինի: Շատ բաներ են տեղի ունենում՝ մի մասը կանխամտածված, դիտավորությամբ ու համարյա թե չարությամբ, մյուս մասը՝ լիովին  պատահական ու հսկողությունից դուրս. ասել կուզի՝ «Կարիք չկա ՍԱ [գլուխը մատնացույց անելով] օգտագործել ինչ-որ բան հիշելու համար: Կարելի է դրանք որոնել:» Ճաշելու տեսարան հիշեք, երբ բոլորն իրենց հեռախոսներով ինչ-որ բան են որոնում. այո, դա հսկայական ծառայություն է մատուցում: Բայց մյուս կողմից կարծես ասի՝ «Պետք չէ հիշել, քանզի այնտեղ է»։ 

 

Իմ կարծիքով՝ այս ամենի հիմքում հնարավոր ամենամեծ ահաբեկչական հարվածն է. այն է՝ սպանել ցանցը, սպանել ողջ համակարգը, ավիրել ամեն ինչ: Որովհետև ես կարծում եմ՝ եթե դա պատահի՝ այնպիսի ահաբեկչություն կլինի, որ պատկերացնել անգամ հնարավոր չէ: Կարծում եմ՝ դա շատ շուտ կարող է վրա հասնել, որովհետև մարդիկ հիմա պորտալարով այնպե՛ս են կապված այս մեքենաներին:    

 

Զարմանալի մի փաստ եմ կարդացել ու չեմ կարողանում հիշել, որովհետև այլևս կարիք չկա հիշելու, թե ինչպես մեկը հետազոտություն է կատարել՝քանի անգամ են մարդիկ ստուգում իրենց iphone-ները: Եթե նրանց հարցնեք, թե ժամում քանի անգամ են ստուգում իրենց հեռախոսները, կասեն` «Երեք կամ գուցե չորս։»  Իրականում՝ մոտ երեսունչորս: Անհավատալի է, սա լիովին կախվածություն առաջացնող մի պրոցես է:  

 

ԱՄ. Մեր հեռախոսներն իրապես մեր մեջ եղած փոքր չիպեր են: Դրանք վարժվում են մեզ ասել՝ թե ինչ ուտել ու երբ, որքան քայլել և չքայլել ու նստել…  

 

ԴԹ. Եվ եթե այդ տեխնոլոգիան զուգավորվի գենետիկայի տեսության հետ, մարդիկ այլ տեսակի կվերածվեն: Դա շատ ավելի արագ կարող է տեղի ունենալ, քան կարծում եք:  

 

ԱՄ. Հասնում ենք այն թեմաներին, որ արծարծել եք Ձեր՝ «Ինչպես ֆիլմ դիտել» գրքում, որոնք, իրոք, անձնական են: Դուք բացատրում եք, որ վերնագիրը որևէ հրահանգ չէ. սա «ինչպես անելու» մասին չէ, այլ ավելի շատ զգուշացում է: Նախադրյալն, ըստ Ձեզ, հետևյալն է. այն, թե ինչպես եք դիտում, ազդում է ձեզ վրա՝ անկախ այն բանից՝ գիտեք այդ մասին, թե ոչ... այսինքն, կարող եք և իմանալ:   

 

ԴԹ. Դեռ նույն մղումն է, որ երեխաներիդ ուղարկում ես դպրոց, և կրթական պրոցեսի հիմքում շատ թե քիչ երեխաներին սովորեցնելն է՝ ինչ են բառերը: Ինչպես օգտագործել բառերը, ինչպես հեգել բառերը, ինչպես քերականորեն ճիշտ գրել. և այդ ամենը հրաշալի է: Բայց մենք դեռ մեր փոքրիկներին՝ հենց չորս-հինգ տարեկանից չենք ասում. «Արի մտածենք, թե ինչ է լինում, երբ շարժվող պատկերներին ես նայում:» Որովհետև իրականում մարդկանց մեծ մասը շատ ավելի երկար ժամանակ է տրամադրում հենց դրան, քան կարդալուն, և մենք իսկապես կրթությամբ չենք դրա մեջ հայտնվում: Դա ահռելի չափերի  է. ուղղակի ահռելի…   

 

ԱՄ. Արդեն երկար տարիներ շարունակ՝ ուսումնասիրում եք ֆիլմերը հանդիսականի չափազանց իմացության լույսի ներքո: Մենք գիտենք՝ ինչպես են դրանք կայանում. կլանել ենք դրանց փոխաբերություններն ու կառույցները, մենք դժվարանում ենք հուզվել այնպիսի բաներից, որոնք մի ժամանակ դեր ունեին էկրանին: Բայց հետաքրքիր է՝ արդյոք պատմության և հիշողության ջնջումը, այն զուգահեռ երևույթը որի մասին խոսեցինք, կարո՞ղ է կարգավորիչ լինել սրա համար: Գուցե սա մաքրագործո՞ւմ է, ինչը թույլ կտա, որ ավանդական ձևերն ու պատումները թարմություն ձեռք բերեն:

 

ԴԹ. Կարծում եմ՝ դեռ հստակ է այն, որ մարդիկ պատումի հանդեպ ցնցող թուլություն ունեն: Ի նկատի ունեմ, որ բոլորս գիտենք այն պահը, երբ ֆիլմ կամ հեռուստաշոու ենք դիտում ու հափշտակվելով՝ ինքներս մեզ ասում. «Ի՞նչ է լինելու հետո, պիտի իմանամ:» Դա դեռևս այդպես է, թեև կինոթատրոններում ցուցադրվող մեծ թվով ֆիլմեր պատումային իմաստ կարծես թե չունեն: Ժամանակ առ ժամանակ հայտնվում է պատմություն ունեցող մի ֆիլմ, և դեռ ինչ-որ բան ստացվում է, ինչը շատ ոգևորող է: Կարծում եմ՝ հրաշալի ունակություն է, երբ կարող են պատմությունն այնպես պատմել, որ մարդիկ հափշտակվեն ու կորչեն դրանում: Չեմ կարծում՝ դա մեռած է կամ մեռնում է: Սակայն ընդհանուր փորձառությունը տանում է դեպի հետևյալ իրավիճակը. մարդիկ մտածում են՝ «Օհ, լավ, ես ցանցին կմիանամ ու կիմանամ», փոխանակ ասելու՝ «Ես իմ կյանքն եմ ապրում, միտքս ու հիշողությունս եմ վարժում փորձառություն կոչվածն այնտեղ պահելու համար: Գիտեմ, որ մեծանալուս հետ մեկտեղ՝ այն կարող է խափանվել, և դա ողբերգական կլինի, կլինի կյանքի ավարտը, սակայն… Դեռ այդպես չէ: Եվ ինձ դուր է գալիս այն պահը, երբ իմ պապն ինձ պատմություն է պատմում այն ժամանակների մասին, երբ ես դեռ չէի ծնվել, ու ես ինձ այնտեղ եմ զգում: Եվ այն փաստը, որ նա այդ հուշն ունի, թանկագին է»:

 

Կադր Ռիդլի Սքոթի՝ «Շեղբի վրայով վազողը» (1982) ֆիլմից 

 

ԱՄ. Շատ նուրբ է սահմանը դրա և ինքնախմբագրման (սրա արմատները ալիքների վրայով սահելու մեջ են) ստեղծագործ ինքնուրույնության միջև, որի մասին ավելի վաղ խոսեցինք:

 

ԴԹ. Այո: Անցյալ ուիք-էնդին ես ու կինս «Շեղբի վրայով վազողը» ֆիլմի DVD-ն ձեռք բերեցինք: Հիմա այդ ֆիլմի չորս պաշտոնական տարբերակ կա: Մենք դիտեցինք առաջինը՝ կինոթատրոնի համար թողարկված Ռիդլի Սքոթի մոնտաժած վերջին տարբերակը: Շատ մեծ տարբերություններ կան, և իսկապես շատ հետաքրքիր է մոտիկից դիտել և վիճաբանել նուրբ կետերի վերաբերյալ: Ես դեռ սպասում եմ մոտավորապես այս կարգի առիթի… Ինքդ էլ ֆիլմեր ես նկարել, գիտես հնարավորությունները… Բացառիկ պահ կա ֆիլմում այն մոնտաժելիս:  

 

ԱՄ. Այո..   

 

ԴԹ. Եկեք դա մոնտաժ անվանենք, թեև դա հիմա շատ ավելի բարդ բան է: Մոնտաժելիս մի բան կա, որ կարող է պատահել. և դա պատահել է որոշ մեծ ու հայտնի ֆիլմերի դեպքում, երբ այն ստեղծող մարդիկ, միմյանց նայելով, կարող են ասել. «Գիտե՞ս, որպես մեր սցենարի տարբերակի հիման վրա նկարած ֆիլմ, սա այն չէ: Ուրիշ բան է պետք անել …» 

 

ԱՄ. Ծանոթ վիճակ է....

 

ԴԹ. Դա բերում է ահա թե ուր. երբևէ նկարահանված ամեն մի ֆիլմ մեծ քանակի ժապավեն է կուտակում, որի տասը տոկոսն է օգտագործվում միայն: Ենթադրենք՝ հանդիսատեսին տալիս եք այդ ամենը, ինչն այսօր տեխնիկապես հեշտ է, և ասում եք. «Դո՛ւ մոնտաժիր»: Նման ընթացքի դեպքում…  միայն որոշ «կինոյի գիժ» մարդիկ վրա կպրծնեն այդ գործին. նրանք իրոք վրա կպրծնեն: Եվ հիմա կա մեծ մի արվեստ. մարդիկ, այսպես թե այնպես, վերամոնտաժում են ֆիլմերը, ինչը շատ հետաքրքիր կարող է լինել: Հեռուստատեսությունն էլ իր ձևով ներկայացնում է նյութի զանգված և ասում. «Լա՛վ, ինքդ գլուխ հանիր»: Ենթադրենք՝ մարդիկ շատ նյութ նկարեն և ասեն. «Լավ, ինքներդ գլուխ հանեք:»  

 

Չգիտեմ՝ կստացվի, թե չէ, բայց հնարավոր է: Ես զգում եմ, որ այդ հնարավորությունը կա, եթե հասկանում եք՝ ինչ ի նկատի ունեմ:  

 

ԱՄ. Նախ ես մտածում եմ, թե ո՛վ ինքնուրույն մոնտաժ անելու կորով և ցանկություն կունենա, եթե հազիվ է կարողանում կենտրոնանալ ու սկսել դիտել: Բայց եթե, օրինակ, մի գերազանց հավելված լինի, որը կհեշտացնի պրոցես՝ դարձնելով այն հարմար ու զվարճալի, ապա դա այլևս այդքան աղետալի բան չէ:

 

ԴԹ. Եվ գուցե ֆիլմերը շատ ավելի կարճ դառնան, քանի որ այդ ամբողջն ինքուրույն անելը մեծ մարտահրավեր է: Գուցե ֆիլմերը դառնան տասը րոպեանոց, քանի որ այդպես ավելի հեշտ է կառավարել:   

 

ԱՄ. Եթե «տեխնո» ոգևորությամբ շարունակելու լինենք, գուցե դա ֆիլմի հնարավոր լավագույն տարբերակը մարդկանց բազմության միջոցով ստեղծելու ճանապարհ է, որով կորոշվի կատարյալ միջին տևողությունը. ասենք երեսունութ րոպե:   

 

ԴԹ. Ճիշտ այդպես…  

 

ԱՄ. Ընդհանրապես ի՞նչ եք մտածում ֆիլմերի ռեժիսորական մոնտաժների մասին:

 

ԴԹ. Ընդհանրապես, երբ ռեժիսորները հնարավորություն են ունենում հետ դառնալու, կորցնում են այն կարգապահությունը, որն ունեին ֆիլմը թողարկելիս: Ի նկատի ունեմ մոնտաժի վերջին փուլերը, երբ հուսահատ ես, աշխատում ես ժամկետների ճնշման ներքո: Եվ ատում ես այդ ճնշումները, բայց ճշմարտությունն այն է, որ վերջնաժամկետները լավ բան են: Կարծում եմ՝ մարդիկ շատ հաճախ ճիշտ ճանապարհն ընտրում են հենց այդ անհեթեթ ճնշման ներքո: Եվ երբ հետ են դառնում ու փորձում երկրորդ կարծիք ունենալ, նրանք հակված են հարություն տալու առաջին օրինակում իրենց իսկ սպանած երեխաներին: Վերջնաժամկետներով աշխատելը իմ կարծիքով շատ խթանող է միշտ: Եվ կարծում եմ, որ կարգապահությունը քեզ կապի մեջ է դնում հանդիսականի զգացածի հետ:

 

Ես հիմա  մի ռեժիսորի հետ խոսում եմ մի ֆիլմի մասին, որը դեռ դուրս չի եկել: Մենք վիճաբանում էինք ֆիլմի ավարտի և նման բաների շուրջ: Ես կարող եմ պատկերացնել, որ ավելի ուշ՝ ապագայում, կլինի ռեժիսորի մոնտաժած տարբերակը, որում նա բազմաթիվ և իրարից տարբեր վերջաբանների հետ գործ կունենա: Կարծում եմ՝ շատ կարևոր է,  որ նա պարտադրված զգա՝ ընտրելու դրանցից մեկը: Ստեղծարար պրոցեսի մի մեծ մասն էլ այն է, որ իմանաս, թե ինչպես պիտի ավարտես:  

 

ԱՄ. Շատ դրամատուրգներ շատ լավն են թվում սկզբում՝ գրավելով իսկապես հրաշալի նախաբանով, սակայն նրանք երբեք չեն իմանում, թե ինչպես ավարտել: Եվ դա ակնհայտ է նրանց ողջ աշխատանքում: Կարծես ավարտն առանձին տաղանդ է պահանջում:      

 

ԴԹ. Շատ հետաքրքիր է. դա մեզ տանում է դեպի  այն երկար կառուցվածքով հեռուստասերիալները, որոնցում ինչ-որ կերպ համոզիչ ու արտակարգ իրավիճակ են ստեղծել, բայց չեն ցանականում ավարտել: Նրանք ուզում են անվերջ շարունակել: Ենթադրում եմ՝ դա հենց կյանքին վերաբերող փոխաբերություն է: Մենք կյանքում մի իրավիճակում ենք՝ մի տեսակ զգում ենք, որ վերջաբանին ենք հասնելու, բայց հիմա չէ։ ԴԵՌ Ո՛Չ …  

 

Հետևեք երրորդ մասին այստեղ, որտեղ մենք քննարկում ենք դերասանական խաղը, Դեյվիդ Լինչին, Սթենլի Կուբրիկին, «Twin Peaks»-ը, «The Night օf Casino»-ն, կինոաստղերի հետ հանդիպումը, թե ինչպես են փոխվում կարծիքները և հավատը:

 

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

 

Դեյվիդ Թոմսոնը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում նաեւ՝ «The Biographical Dictionary of Film», «Have You Seen…?: A Personal Introduction to 1,000 Films» եւ ամենավերջինը՝ «Warner Bros: The Making of an American Movie Studio»։

 

Ալեք Մուհիբյանը «1915» ֆիլմի համասցենարիստ/ռեժիսորը եւ Creative Armenia-ի ծրագրերի եւ արտադրության փոխնախագահն է։

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload