• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Արա Գյուլերի դեմքերը

(English)

 

Արա Գյուլերը լուսանկարում էր հռչակավորներին և ստեղծում նորերը։    

 

 

Աշխարհահռչակ ստամբուլահայ Արա Գյուլերը ոչ միայն ֆոտոլրագրող էր, որ իր լուսանկարներով ժամանակագրում էր նախորդ դարը, այլև արվեստագետ, ում հռչակավոր, տխրահռչակ ու անհայտ մարդկանց դիմանկարները արտացոլում են համառ, եռանդուն ու ճշգրիտ արվեստագետի աշխատանք։ Գյուլերը մահացավ մեկ ամիս առաջ, բայց միշտ կհիշվի իր բազում դիմանկարներով։

 

 

1. Երեխաները Թոփհանեում խաղալիս — Ստամբուլ (1986)

 

 

Մարդ և քաղաք. ահա սրանք էին Գյուլերի հիմնական թեմաները, որոնց նա վերաբերվում էր որպես հավասարաչափ կենդանի օրգանիզմների։ 1989թ.-ին Թոփհանեում արված լուսանկարում նա պատկերել է մի խումբ երեխաների հրճվանքի պահին։ Տեսնելով հայ լուսանկարչին՝ երեխաների մեծ մասը բարձրացրել են ձեռքերն ու լայն ժպտում են։


2. Ալֆրեդ Հիչքոք - Լոս Անջելես (1974)

 

 

Գյուլերը վերհիշում էր տանջալի վեցժամյա նկարահանումը լեգենդար կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի հետ։ Երբ Գյուլերը պատրաստվում էր լուսանկարել ռեժիսորին՝ վերջինիս ոտքերն առաջին պլանում, Հիչքոքը դժգոհ փնթփնթում էր։ «Եթե դու Հիչքոքն ես, ե՛ս էլ Արա Գյուլերն եմ», — մտքում ասել էր Գյուլերը։ Քիչ անց Հիչքոքն սովորեց հայ լուսանկարչին և վերածվեց ուրախ ծերուկի։

 
3. Պաբլո Պիկասո - Կանն (1971)

 

 

Պիկասոյին լուսանկարելու համար Գյուլերը չորս օր անցկացրեց նրա առանձնատանը` Կաննում։ Հմուտ լուսանկարիչն ու հռչակավոր արվեստագետը պայմանավորվեցին. Գյուլերը կլուսանկարի Պիկասոյին, իսկ Պիկասոն կնկարի լուսանկարչին։ Բնականաբար, նրանք թղթի կտոր չգտան, և Պիկասոն Գյուլերին նկարեց իր գրադարանի գրքերից մեկի էջին ու մակագրեց այն։ Այժմ Գյուլերի տանը` Թուրքիայում, կա Պիկասոյի գործերից մի բնօրինակ։


4. Սալվադոր Դալի - Փարիզ (1971)

 

 

«Ինչո՞ւ եք ուզում ինձ լուսանկարել», — հարցրեց Դալին՝ ավելացնելով, որ իրեն լուսանկարելու մեկ րոպեն արժե 25,000 ԱՄՆ դոլար։Գյուլերը հեռացավ Փարիզի հյուրանոցից։ Սակայն համարձակություն հավաքելով` հաջորդ օրը վերադարձավ ու լուսանկարեց Դալիին՝ իր ձեռնափայտի արծաթե բռնակը վեհորեն բռնած։

 

5. Սոֆիա Լորեն - Կանն (1957)

 

 

Առավոտյան Գյուլերը քայլում էր Կաննի Քարլթոն հյուրանոցի մոտակայքում, երբ նկատեց գլխավոր մուտքի առջև հավաքված լրագրողներին, ովքեր սպասում էին Սոֆիա Լորենին։ Գյուլերը քայլեց դեպի վերելակը ու հետևեց Լորենին դեպի նրա սենյակ՝ հարցնելով, թե արդյոք կարող է լուսանկարել նրան։Այս լուսանկարը դրանցից մեկն է և համարվում է Լորենի ամենահայտնի լուսանկարներից մեկը։

 

6. Ինդիրա Գանդի - Նյու Դելի (1977)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1977թ.-ին Գյուլերը լուսանկարեց Հնդկաստանի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիին։ Հնդկաստանից Բանգկոկ վերադառնալու ճանապարհին Գյուլերը տեղեկացավ, որ Գանդիին ձերբակալել են։ Հետևաբար, Գյուլերը վերջինն էր, ով հասցրել էր լուսանկարել նրան մինչ կալանքը։ 

 

7.  Բար Բեյօղլու թաղամասում- Ստամբուլ (1959)

 

 

«Ես լուսանկարում եմ մարդկանց, իրադարձություններ, որոնք կատարվում են մարդկանց հետ և այն, ինչ մարդուն մարդ է դարձնում»։ Պետք է հիշենք, որ Գյուլերի ամենից հռչակավոր լուսանկարները բոլորովին էլ հռչակավոր մարդկանց լուսանկարներ չէին։ Դրանցում իր բնօրրան Ստամբուլի բնակիչներն էին։ Գյուլերի աչքի շնորհիվ է, որ սովորական բանվոր դասակարգին պատկանող մարդիկ բարձրացան արվեստի ու առասպելի մակարդակի։ Գյուլերն էր, որ նրանց հռչակ տվեց։

 

ՀԵՂԻՆԱԿ

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է` հաստատված Երևանում։ 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload