• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Երկխոսություն Դեյվիդ Թոմսոնի հետ - Մաս 3. Հավատալով հավատացողին

(English)

 

Կինոքննադատ Դեյվիդ Թոմսոնի հետ զրույցի առաջին մասը կարդալու համար սեղմել այստեղ: Հարցազրույցի երկրորդ մասը՝ այստեղ։

 

 Դեյվիդ Լինչը «Թվին Փիքս»-ում

 

Մաս երրորդ. Հավատալով հավատացողին

 

ԱՄ - Կինոյի պատմությունը մենք դիտարկում ենք գրեթե անսպասելի դարաշրջանների տեսանկյունից: Փոխանցեմ Ձեր ընդհանուր կարծիքը դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ: Առաջին՝ ձայնի առաջ գալը. լավ է: Այնուհետև՝ ստուդիաների համակարգի փլուզումը. լավ չէ: Հետո՝ 60-70-ականների վերածնունդը` իր ֆրանսիական նոր ալիքով, ռեժիսորի աստվածացմամբ ու հին ֆիլմերի վերակենդանանալով. լավ է, բայց շատ ավելի խառը, քան մենք ընդունում ենք: Շուտով «Ծնոտներն» ու «Աստղային պատերազմները» նշանավորեցին Հոլիվուդի անցումը պատումից հատուկ էֆեկտներին. շատ վատ է: Եվ վերջապես՝ նոր հարյուրամյակում զանգվածային լսարան ձեռք բերելու նկրտումից անկախ կինոյի հրաժարվելը. տխուր է:

 

Հիմա ապրում ենք «Peak TV»-ի դարաշրջանում: Բայց դա այն արտահայտությունն է, որ երբեք չեք կիրառում:

 

ԴԹ – Չէ, չեմ կիրառել:

 

ԱՄ – Այնպիսի զգացողություն չունե՞ք, որ հավակնոտորեն երկար ձևաչափ ունեցող հեռուստատեսության այժմյան ծաղկունքը պատրանք է:

 

ԴԹ – Ահա թե ինչ. կարծում եմ, որ հիմա շատ բաներ գոյություն ունեն: Ես խնջույքների եմ մասնակցել, որտեղ մարդիկ ասում էին. «Տեսե՞լ ես սա ու սա»: Ու նույնիսկ, եթե բավականաչափ տեղեկացված ես, միևնույն է, որևէ շոու ես բացահայտում ու ասում՝ «Լավ, ո՞ր սեզոնն է հիմա: Չորրո՞րդը: Պիտի հիմա վերադառնամ ու չորս սեզոն դիտե՞մ»: Ինձ թվում է՝ մարդիկ ընտրում են մի քանի սերիալներ, որ սիրում են, ու դրանք են դիտում: Կյանքն այժմ ահավոր ծանրաբեռնված է:

 

Ընկերներիցս մեկը՝ Ստեֆան Շիֆը, աշխատում է «Ամերիկացիներ»-ի վրա, իսկ ես միշտ շատ ցանկացել եմ ամբողջը տեսնել: Դրա ինչ-որ մասերն եմ դիտել ու շատ տպավորված էի, բայց այդպես էլ ժամանակ չգտա, որ սկզբից ամբողջը դիտեմ, ինչը, համոզված եմ՝ արժե անել, որովհետև երբ էլ նման բազմասերիանոց ֆիլմ եմ դիտել, ինձ դուր է եկել: Մարդիկ տարօրինակ պատճառներով սերիալներից մեկին կապվում են, մյուսին՝ այդքան էլ չէ։ Շատ դժվար է բացատրել:

 

ԱՄ -  Ուզում եմ հարցնել՝ ինչու չեք դիտում «Ամերիկացիները»: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս իր անձնական պատճառն ունի մի սերիալից կառչելու կամ մյուսի կողքով անցնելու համար, այնպես, ինչպես ընտրում ենք՝ ում հրավիրենք մեր տուն:

 

ԴԹ – Հենց հասկացա՝ սերիալն ուր է տանում, մտածեցի, որ շատ խելացի գաղափար է: Ու մարդիկ ինձ դուր եկան, այսինքն՝ ոչ թե դուր եկան, այլ մտածեցի՝ գրավիչ են: Բայց և այնպես… ինձ ստիպում ես մտածել դրա մասին… Ինչ-որ չափով այն պատճառով, որ այս մարդիկ ստիպված էին գաղտնիության ճնշման տակ մնալ: Ու այդ պատճառով իրենց կարիքների մասին ամեն բան չէին արտահայտում: Թաքնվում էին: Իսկ դրամայում մարդիկ, որոնք թաքցնում են, դառնում են փակ ու բանտարկված։ Դա հրապուրիչ է, բայց կարծում եմ դրամայում ես պայթյուն եմ սիրում, հասկանու՞մ ես՝ ինչ նկատի ունեմ:

 

Եթե մտածեմ «Breaking Bad»-ի մասին, սերիալ, որն ինձ իրոք դուր է եկել, այն զգացումը, որ Ուոլթերը ուր որ է պայթելու է, որ ամեն ինչ ավերակների է վերածվելու, ու որ ես սպասում էի դրան, ամենաշատն էր ինձ գերում: Ինչպես ասեցիր, այս սերիալները երբեմն դիտելով՝ բացահայտում ես, թե ով ես դու:

 

Երբեմն միայն մի անձ է քեզ հուզում: Օրինակ, հիշում եմ, երբ դիտում էի «The Affair»-ը։ Սկսվեց այն խիստ պաշտոնական ձևաչափով: Մեկ սերիայում շուրջ 30 րոպե դիտում ես մի կերպարի տեսանկյունից, 30 րոպե՝ մյուս կերպարի: Շատ պաշտոնական ձևով էր արված ու շատ հետաքրքիր։ Նույն իրադարձությունները տարբեր ձևերով ես դիտում: Ինձ դուր է գալիս: Ու դերասանուհուն՝ Ռութ Ուիլսոնին, շատ հմայիչ եմ համարում: Բայց մեկուկես սեզոն հետո ինձ թվաց, որ այդ գաղափարներով էլ ոչ մի գործ չի արվում: Իրականում, սերիալը հրաժարվում էր Ա-Բ մեխանիզմից, ավելի պարզունակ էր դառնում: Ես էլ դադարեցի դիտել:

 

Դադարեցի դիտել «Homeland»-ը, ինչը իմ կարծիքով շատ լավ էր սկսել: Գլխավոր կերպարը երկբևեռ աֆեկտիվ խանգարում ուներ, ու իրոք զգում ես, որ խանգարումը լուրջ է. դա ինձ շատ է հետաքրքրում, որովհետև ինքս էլ ունեմ այդ խանգարումը: Ու նրա ճգնաժամերը լրիվ իրական էին, բայց հետո կրկնվող դարձան, ու ես էլ դադարեցի նայել: Երկար ձգվող այդ սերիալների մեծագույն խնդիրներից մեկը հետևյալն է՝ արդյո՞ք պատմում ենք դրամատիկ վերջաբան տանող մի պատմություն, թե՞ շարունակում ենք, շարունակում, շարունակում, որովհետև այն փող է բերում: Այ դա շատ հետաքրքիր երկընտրանք է:

 

«Թվին Փիքս. Վերադարձը» (2017)

 

ԱՄ – Քանի որ խոսքը Դեյվիդ Լինչի մասին գնաց, ի՞նչ կասեք նոր «Twin Peaks»-ի մասին: Ես միայն առաջին չորս սերիան եմ տեսել, բայց ակնհայտ է, որ նրան կատարյալ ազատություն է տրված:

 

ԴԹ – Ես էլ նույն տեղում եմ: Շատ տարօրինակ է: Շոյված եմ, որ հարցրեցիք, որովհետև իրականում դրա մասին խորը չեմ մտածել: Սկսեցի դիտել ու ինձ շատ դուր եկավ: Շատ լավ ժամանակ անցկացրի: Հետո շարունակեցի ու երևի չորս սերիա նայելուց հետո ինքս ինձ ասացի՝ էլ չեմ ուզում դիտել: Ու չգիտեմ ինչու այդպես ասացի: Ուղղակի չգիտեմ: Գուցե նրանից է, որ իմ կյանքում ուրիշ շատ բաներ կան, ու չեմ կարողանում ուշադրությունս դրան հատկացնել, որովհետև Լինչը ուշադրություն է պահանջում, Լինչը սովորական մի բան չէ: Իսկ Ձեր դեպքո՞ւմ:

 

ԱՄ – Պիտի տեմպին հարմարվեի: Մինչև հիմա ինձ դուր է գալիս: Բայց դա այն սերիալներից չէ, որ կարելի է դիտել հոգնած ժամանակ: Հուզական առումով շատ կլանող է, լավ իմաստով:

 

ԴԹ – Ահ, այո, շատ խիտ է: Պիտի աշխատես ու պիտի հիշես օրիգինալը ու նույնիսկ հետ դառնաս: Իսկ ես գուցե շատ հոգնած էի կամ էլ շատ ընկճված. նման մի բան: Ես այնքան բան եմ ստանում տանը, որը պիտի տեսնեմ, հետո պիտի դուրս գամ ֆիլմեր դիտելու, որոնք արդեն գիտես, որ ահավոր են լինելու: Ու գնում ես ու ուֆ… Պիտի վերսկսեմ չորրորդ մասից:

 

ԱՄ – Ամեն դեպքում խոստումնալից է, որ առանց Լինչի տասը տարուց հետո, Peak TV-ն Լինչի տասնութ ժամ է մեզ նվիրել՝ առանց գրաքննության:

 

ԴԹ – Հրաշալի է: Նա արտասովոր մարդ է, ես հիանում եմ նրանով: Ինձ համար «Blue Velvet»-ն ու «Mulholland Dr.»-ը գլուխգործոց ֆիլմեր են:

 

ԱՄ – Լինչին անձամբ ճանաչո՞ւմ եք:

 

ԴԹ – Հանդիպել եմ հետը: Երբ «Blue Velvet»-ը էկրան բարձրացավ, ես առաջին հիացողներից էի, ու ինձ թույլ տվեցին զրուցել հետը: Պարզեցի, որ շատ դժվար է նրա հետ զրուցելը, ինչը, կարծում եմ, հենց նրա մտադրությունն էր: Նորից չէի գնա հետը զրուցելու, չեմ կարծում, բայց գիտե՞ք ինչ... Ինչու՞ պիտի կարողանար բացատրել ֆիլմը: Հիմար հարցեր էի տալիս:

 

ԱՄ -  Ու նա դիտավորյա՞լ էր իրեն խորհրդավոր պահում:

 

ԴԹ – Կամ հատուկ էր իրեն այդպես պահում կամ էլ ուղղակի խորհրդավոր մարդ է: Երկու տարբերակն էլ ինձ հարմար են (ծիծաղում է): Անհարմար զգացի նման հարց տալուց: Արվեստագետներից հարցազրույց վերցնելը հիմար բան է: Կարծում եմ՝ հավանաբար Լինչի դեպքում պիտի նրան շատ լավ ճանաչես, որ երկար ու հիմար ժամանակ անցկացնես հետը նրան իրոք հասկանալու համար: Քիչ ռեժիսորների հետ եմ նման հարաբերություններ ունեցել։ Ու այդպես ավելի մեծ օգուտ է եղել, քան նրանց լուրջ հարցեր ուղղելն է։

 

ԱՄ – Մեծ ջանքեր են հարկավոր սեփական ֆիլմիդ մասին խոսելու համար՝ առանց այն փչացնելու։ Կարծում եմ, որ Լինչի կամ Տարանտինոյի (կամ նրանցից առաջ՝ Հիչքոքի) նման ռեժիսորների դեպքում լրատվամիջոցների համար մի կերպար որդեգրելը խելամիտ քայլ է: Բայց այդ գործում ո՞ւմ եք իրոք լավ ճանաչում: Կամ երբևէ որևէ մեկից գերադասե՞լ եք հեռավորություն պահպանել ու անունը չշոշափել:

 

ԴԹ – Դա շատ հետաքրքիր փաստարկ է: Ճանաչել եմ քննադատների, որոնք տանել չէին կարողանում ռեժիսորի հետ հանդիպումը. փոխզիջումների գնացած էին իրենց զգում: Իսկ ինձ միշտ դուր են եկել այդ հանդիպումները: Թեև գտնում եմ՝ դրանք հարաբերականորեն սովորական հանդիպումներ պիտի լինեն: Շատերին չեմ ճանաչել: Մայքլ Փաուելին գիտեմ հանգամանքների բերումով: Անձնական հարաբերություններ ունեինք ու ընկերներ էինք: Ռեժիսորի հետ երբևէ ունեցած իմ ամենաթանկ հարաբերությունն էր: Որոշ մարդկանց հետ օգտակար ժամանակ եմ անցկացրել՝ Բոբ Ռաֆելսոնի, Ռոբերտ Թաունի, Ֆրենսիս Քոփոլայի ու էլի մի քանի հոգու հետ:

 

Շատ դժվար է ժամանակ անցկացնել դերասանների ու դերասանուհիների հետ ու զգալ իրականությունը: Ահագին ժամանակ շփվել եմ Ջեք Նիքոլսոնի հետ ու հավանել եմ նրան: Բայց ասեմ, ի վերջո զգացի, որ նա Ջեք Նիքոլսոնի պես է պահում: Գուցե ինձ բավականաչափ չէր վստահում: Մի քանի հանդիպում եմ ունեցել դերասանների ու դերասանուհիների հետ, ու այդ հանդիպումները կարող եմ արժեքավոր կոչել, բայց դրանք շատ չեն:

 

ԱՄ – Նիքոլսոնից բացի ուրիշ անուններ կարո՞ղ եք ասել:

 

ԴԹ – Դե, չեմ ուզում ինքս ինձ մեղադրել: Մի անգամ երեկո եմ անցկացրել Թյուզդեյ Ուելդի հետ, ինչը հիանալի հնարավորություն էր: Նա շատ խելացի է, ու լավ ժամանակ անցկացրինք՝ ուղղակի զրուցելով: Պաչինոյի հետ եմ մի քիչ անցկացրել, ինչը բարձր եմ գնահատում: Շատ տարօրինակ տղա է:

 

ԱՄ – Խնդրում եմ մանրամասներ կպատմե՞ք Ալ Պաչինոյի հետ ունեցած փորձից:

 

ԴԹ – Մի բան կա… Աստված իմ, փոքր-ինչ սարսռեցնող մի բան կա Ալի հետ կապված: (քրքջալով) Դա շատ հրապուրիչ է, ու ինձ համար շատ հետաքրքիր էր… Թեև լիովին հանգիստ չէի զգում: (ծիծաղում է) Համոզված եմ, որ եթե վերհիշեմ, ուրիշներն էլ կլինեն, բայց այդ մարդկանց ճանաչելը շատ դժվար է:

 

ԱՄ – Չեմ կարծում, որ գիտակցում ենք պահանջվող դերը հերթից դուրս խաղալու այդ ահռելի փորձությունը:

 

ԴԹ – Արտասովոր է: Ֆիլմի նկարահանումներին հետևելիս երբեմն տեսել եմ մանրամասների անհավանական հիշողություն՝ օրինակ, մի այնպիսի բանի, որ շաբաթներ առաջ է նկարահանվել: Նրանք պարզապես հիշում են, թե ոնց են պտտվել, կամ նման մի բան: Զարմանալի ունակություն է:

 

ԱՄ – Պատկերացրեք՝ արթնանում եք առավոտյան ու նախաճաշի փոխարեն ստիպված եք գիշերային վեճի բռնվել Ձեր կնոջ հետ:

 

ԴԹ – Ու պիտի տասը անգամ կրկնես՝ երեք տարբեր տոնայնությամբ:

 

ԱՄ – Ավելին. կինոհրապարակում նրանք իսկական հանդիսատես չունեն: Ու կեսից շատ դեպքերում տեսարանում նրանց գործընկերը կինոժապավենի մի մասն է: Ու ստիպված են աշխատել առանց ներկայացման երկու հնագույն հիմնասյան ու փոխարենը զարգացնել իրենց փոխհարաբերությունը կինոկադրի հետ: Կինոաստղերի նկատմամբ մեր ծաղրանքի ու բարկության պատճառով չենք նկատում՝ ինչքան ծանր է նրանց գործը:

 

ԴԹ – Իրոք զարմանալի է: Մի երիտասարդ դերասանուհու գիտեի, որ չդիմացավ: Շատ լավ, բարի անձնավորություն էր: Ու նրա խոսքերով՝ շաբաթը չորս անգամ լսումների գնալը, պատրաստվելը, սիրածդ գործն անելը ու մերժվելը... ուղղակի պիտի շատ ամուր լինես: Իսկ եթե այդքան ամուր լինես, հնարավոր է՝ սպանես այն զգացմունքայնությունը, որ քեզնից ակնկալում են: Դաժան կյանք է:

 

Վոլտեր Բրենանը եւ Ջոն Վեյնը

 

ԱՄ – «Ինչու է խաղը կարևոր»-ի մեջ Դուք փորփրում եք դերասանների նկատմամբ մեր հիացմունքը: Դա հիմնականում կապված է մեր անունից (նաև իրենց) նրանց հանդես գալու այդ ծեսի, իրականությունը խաղալու հետ: Դուք գրում եք. «Դեր խաղալը զվարճանք է, բայց դա մեր գոյության ու անկման համար մի մոդել է: Մենք փորձում ենք մարդու դեր խաղալ: Թվում է՝ դա նվազագույնն է, որ կարող ենք անել, ու քանի դեռ այդ պայմանը գերակշռում է (բայց մինչև վերջ մի վստահեք դրան), խաղը մեր շարժիչն է, ու մենք վարում ենք անապատային ճանապարհով:»

 

ԴԹ – Քիչ առաջ նշեցիք՝ հնարավոր է, որ դարձել ենք ոչ լրիվ մարդկային: Ինձ արդեն որոշակի ժամանակ է՝ թվում է, որ դերասաններն այդ հարցում առաջնորդներն են: Նրանք հրաժարվում են իրենց կյանքից՝ վերցնելու այլոց ծրագիրը: Կարծում եմ՝ նրանք իսկական հետախույզներ են այդ առումով: Եվ իհարկե, ոչ. չէի ասի՝ ոչ երջանիկ մարդիկ... Հավասարակշռված մարդիկ չեն: Դրա բնույթն է այդպիսին: Նրանք սպասում են, որ դառնան մեկ ուրիշը: Պատկերացրեք՝ ասում եք. «Ահա իմ ընկերը: Հուսով եմ՝ լեզու կգտնեք: Պիտի ասեմ Ձեզ. նա սպասում է՝ դառնալու ուրիշ մեկը։» (ծիծաղ)

 

ԱՄ – Գուցե օգտակար է, եթե կարողանում են շատ դեպքերում իրենք իրենց «մարմնավորել»: Բայց նույնիսկ դա կարող է վտանգավոր լինել…

 

ԴԹ – Նաև հիմա դա այնքան էլ նորաձև չէ, ինչպես մի ժամանակ: Մի ժամանակ Ջոն Ուեյնը պիտի Ջոն Ուեյնը լիներ, ու դա նորմալ էր:

 

ԱՄ – Դժվար է պատկերացնել՝ ինչպես է Ջոն Ուեյնը բռունցք թափ տալիս ու գնում. «Ինչո՞ւ էդ Նորման Բեյթսին «Փերքինսի» դերը տվեցին: Ե՛ս եմ այստեղ կանգնած»:

 

ԴԹ – Ճիշտ է: Բայց դա այնքան էլ կիրառելի չէ հիմա: Դերասանները պիտի ավելի բազմազան լինեն:

 

ԱՄ – Վերադառնանք հեռուստատեսությանը: Ձեր գրքից տպագրությունից հետո որոշ նշանակալից բազմասերիանոց ֆիլմեր են ցուցադրվել: «The Night Of»:

 

ԴԹ – Շատ հավանեցի: Կառուցվածքը՝ առաջին երեք սերիաները, ուղղակի փայլուն էին: Ու ես իսկապես տարվել էի: Ու թե ինչպես զարգացավ, ինչպես նա բանտ ընկավ, ու ինչպես Ջինի Բեռլինը հայտնվեց... նրան այդտեղ շատ սիրեցի, ու ֆիլմն էլ ինձ դուր եկավ: Մեկ կամ երկու անհիմն բան գտա, որ ինձ անհանգստացրին (այն պահը, երբ ինչ-որ մեկը բան է բացահայտում բանտի վերահսկողության տեսախցիկի շնորհիվ), բայց բարձր կարծիք ունեմ այդ սերիալի վերաբերյալ: Հավանում եմ այն զգացողությունը, որ արտացոլում է քաղաք՝ բազմաթիվ ռասսաներով ու ժողովուրդներով։Կարծում եմ՝ դրա նման շատ ֆիլմեր պետք է լինեն:

 

Ջոն Տորտուրոն՝ «The Night Of» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում

 

ԱՄ – Եվ ահա Սթիվ Զաիլյանը՝ սցենարիստ ողջ կյանքում, առաջին անգամ հանդես է գալիս՝ որպես ռեժիսոր:

 

ԴԹ – Շատ լավ գործ է արել:

 

ԱՄ – «Young Pope»:

 

ԴԹ – Չեմ տեսել:

 

ԱՄ – Միշտ կասկածանքով եմ վերաբերվում բազմասերիանոց ֆիլմերի հանդեպ իմ խանդավառությանը: Երբ սերիալը կոչում ենք «հրաշալի հեռուստատեսային» կամ նույնիսկ «արվեստ», այն չենք համեմատում «Կարամազով եղբայրների» հետ: Մենք այն համեմատում ենք «Alf»-ի հետ: Բայց առաջին իսկ հայացքից զգացի, որ «Young Pope»-ը գերազանցում է սովորական հեռուստատեսության գնահատման կորը: Շատ բարձր եմ այն գնահատում:

 

ԴԹ – Գիտե՞ք, կարծում եմ՝ ես այն չեմ դիտել Ջուդ Լոուի պատճառով: Ջուդ Լոուն ինձ համար դարձել է մի տեսակ զգուշացնող կերպար, ինչը գուցե բոլորովին արդարացված չէ: Նրա արած որոշ գործեր ինձ շատ դուր են գալիս: Բայց նրա մասնակցությամբ թրեյլերը տեսա ու մտածեցի՝ ըհ, չգիտեմ: Նախապաշարմունք: Հում նախապաշարմունք:

 

ԱՄ – Ջուդ Լոուին տեսել եմ Բրոդվեյում «Համլետ» խաղալիս:

 

ԴԹ – Լսել եմ, որ ահավոր է եղել:

 

ԱՄ – Մի՞թե բոլոր աստղերի շեքսպիրյան դերերը ահավոր չեն:

 

ԴԹ – Եթե Շեքսպիր ես խաղալու, դրա վրա շա՜տ երկար պիտի աշխատես: Պիտի դրանից մի բան ստանաս:

 

ԱՄ – Ո՞րն է Շեքսպիրի Ձեր սիրած վերջին կատարումը:

 

ԴԹ – Ես հիմա մտովի վերադառնում եմ Անգլիա։ Երիտասարդությանս օրերին Շեքսպիր շատ եմ տեսել: Դե գիտես՝ Օլիվիեր, Ռիչարդսոն, Գիլգուդ: Գուցե հիմարություն թվա, բայց նրանք հրաշալի էին խաղում: Մի դերասան կար՝ Ալան Բիդլ անունով, ում ես անձամբ լավ ճանաչում էի: Սիրում էի նրա աշխատանքը: Կարծում եմ՝ բեմի վրա իմ տեսած վերջին լավագույն Շեքսպիր խաղացողը Դենիել Դեյ Լյուիսն է եղել, երևի: «Համլետ» էր խաղում:

 

ԱՄ – Երբ տեսարանի կեսին ընկա՞վ բեմի վրա:

 

ԴԹ – Հա, նկատի ունեմ հաղթանակած դուրս եկավ: Ու չեմ կարծում, որ խաղը նրա մոտ շատ լավ ստացվեց. համեմատական կարգով՝ ավելի լավ Համլետներ եմ տեսել: Բայց նա հստակ պայքարում էր։ Ու հենց դա նրան տարավ դեպի հաղթանակ:

 

ԱՄ – Ի՞նչ եք կարծում նրա՝ «թոշակի անցնելու» մասին:

 

ԴԹ – Միշտ կասկածամիտ եմ դերասանների թոշակի անցնելու հարցում: Նա շատ արտասովոր մարդ է ու աշխատանքի շատ արտասովոր մոդել է ունեցել, ու գուցե իրականում հեռացել է, բայց չեմ զարմանա, եթե վերադառնա:

 

ԱՄ – Եկեք փոփոխության մասին խոսենք: Ձեր «Ինչպես ֆիլմ դիտել» գրքում գրում եք այն մասին, թե ոնց է Ձեր կարծիքը փոխվել «Casino» ֆիլմի վերաբերյալ: Էլի ֆիլմեր կամ ներկայացումներ կա՞ն, որոնց նկատմամբ Ձեր կարծիքը փոխվել է ժամանակի ընթացքում:

 

ԴԹ – Ընդհանրապես հասկացել եմ, որ վերանայելը փորձություն է: Իմ զգացողությունները ահագին փոխվում են, ու դա մի տեսակ անհարմար է: Որովհետև քննադատները հակված են հետևելու իրենց կարծիքին: Մի քանի հոգի կան, ում հանդեպ իմ գնահատականն ավելացել կամ պակասել է: Երբ տեսա «Casino»-ն, մի տեսակ ուշադրությունս կենտրոնացավ նրա վրա, որ Մարթին նորից գանգստերների մասին ֆիլմ է նկարել, ու մտածեցի՝ արդեն կուշտ եմ: Բայց երբ շարունակեցի դիտել, բացահայտեցի՝ ինչքան սիրուն է պրոցեսի ու ձայնի առումով, ու Շերոն Սթոունն ինչ հրաշալի է ֆիլմում: Իսկ Մարթին կանացի լավ կերպարներ շատ չունի, ու եթե մեկը ստացվել է, արդեն մեծ բան է: Ես այդ ֆիլմի մեծ երկրպագուն դարձա: Մի խոսքով՝ պիտի սովորես դիտել այդ ֆիլմը սաունդթրեքի միջոցով:

 

Մարթին Սկորսեզեի «Կազինո» ֆիլմը (1995)

 

ԱՄ – Այնքան հետաքրքիր է մեր փոփոխվող կարծիքներին հետևելը: Ինչ-որ դատարկ մի բան կա ֆիլմի հանդեպ մեր առաջնային արձագանքների վերաբերյալ:

 

ԴԹ – Լիովին համաձայն եմ: Ու գիտես, եթե դա քո աշխատանքն է, ստիպված ես հավատարիմ մնալ կարծիքիդ տվյալ ֆիլմի հարցում: Հետո դիտում ես, իսկ դրանք ուրիշ են. ֆիլմը նույնն է, դու ես փոխվել: Իմ կյանքում ժամանակահատված կար, երբ մտածում էի, որ «Red River»-ը Աստվածաշունչ է: Հիմա կարծում եմ, որ «Red River»-ը Աստվածաշնչի կեղծ տարբերակն է: Շատ հետաքրքիր է, բայց առաջվա պես ուղղակիորեն ինձ չի կլանում: Մարդկանց մեծամասնությունը կապված է երեխա ժամանակ կամ երիտասարդ տարիքում տեսած ֆիլմերի հետ: Ու եթե բավականաչափ երկար ապրես, այդ ֆիլմերը կփոխվեն, ու պիտի ինչ-որ կերպ պայմանավորվես այդ փաստի հետ:

 

ԱՄ – Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ տեսաք «Red River»-ը:

 

ԴԹ – Յոթ կամ ութ:

 

ԱՄ – Վերջերս մի բան նկատեցի, երբ դիտում էի «I Love Lucy»-ի մի քանի սերիա: Հասկացա, որ վերջին անգամ դրանք բոլորը տեսել եմ նախքան սեռահասունացումս: Շատ հետաքրքիր է ֆիլմն առաջին առաջին անգամ վերանայել էրեկցիա ունենալուց հետո:

 

ԴԹ – Մեծ տարբերություն կա, մեծ տարբերություն: Ու մի հետաքրքիր բան կա «I Love Lucy»-ի վերաբերյալ, որ համարյա վայրկենապես այն ասես ներքին ճշմարտություն դարձավ: Բոլորն ասում էին. «Օհ, մի՞թե «I Love Lucy»-ն հրաշալի չէ: Մի՞թե նա հիասքանչ չէ:» Ամեն ինչ հասկանալի է ու ողջամիտ է:

 

Նա խենթ է:

 

ԱՄ – Ու այդ տան լարվածությունը: Այ, այ, այ: Բնակարանում իրար վրա գոռացող ամուսնու ու կնոջ այդ ողջ ավանդույթը…

 

ԴԹ – Տիպիկ բրիտանական ավանդույթ է: Բրիտանական կոմեդիայում շատ կա դրանից: Բրիտանիայում ամուսնությունը ընկալվում է որպես շատ զավեշտալի իրավիճակ: Այնքան շատ մարդկային ազդակներ պիտի զսպվեն:

 

«I Love Lucy» հեռուստասերիալը 

 

ԱՄ – Դուք մի տեսակ մեղադրել եք Սթենլի Կուբրիկին մարդկային ազդակների հետ իր ֆիլմերում այդ նույն բանն անելու համար:

 

ԴԹ – Նա այն մարդկանցից է, ում ֆիլմերը ժամանակի հետ սովորել եմ ավելի շատ սիրել: Դիտում էի Կուբրիկի ֆիլմերը՝ հենց էկրան էին դուրս գալիս։ Շատ եմ հավանել «The Killing»-ը, «Glory»-ի որոշ մասեր ինձ դուր են եկել, իրականում ահագին հավանել եմ «Lolita»-ն (թեև գրքի ստվերն է): Բայց ինձ դուր չի եկել «Dr. Strangelove»-ը կամ «2001»-ը, ու զգացի, որ սկսում եմ կորցնել սերս նրա հանդեպ: Ինձ համար Կուբրիկը կանանց առումով շատ վատն է, ու չեմ կարծում՝ մարդասեր է: Այդ բաներն ինձ համար խոչընդոտներ դարձան, մինչև «The Shining»-ը, որն իմ կարծիքով գլուխգործոց է՝ շատ, շատ մութ մի կատակերգություն, բայց մի ֆիլմ, որը սարսափելի շատ եմ հավանում: Ու դա մի տեսակ հուշեց, ոչ դառնամ ու վերանայեմ ֆիլմերից որոշները:

 

Նմանապես դեռ տանել չեմ կարողանում ո՛չ «2001»-ը, ո՛չ էլ «Dr. Strangelove»-ը: Բայց «Barry Lyndon»-ի նման ֆիլմը... առաջին անգամ դիտելիս ինձ բառացիորեն քնեցրեց (քնեցի կինոթատրոնում, ինձ ստիպված արթնացրեց ու դուրս տարավ այն անձը, որ հիմա կինս է): Դեռ չեմ հավանում, բայց վերադառնում եմ այդ ֆիլմին ու ավելին եմ տեսնում մեջը: Նույնը պատահեց հատկապես «Full Metal Jacket» ֆիլմի հետ, որը սկզբից չհավանեցի, բայց համառորեն շարունակեցի դիտել ու սկսեցի ավելի շատ հավանել:

 

«Eyes Wide Shut»-ը դեռևս շատ խնդրահարույց ֆիլմ է ինձ համար: Իմ կարծիքով՝ մեծ, մեծ ձախողում է:

 

Շելի Դյուվալը «The Shining» ֆիլմում (1980)

 

ԱՄ – «Have You Seen...?» գրքում՝ «Dr. Strangelove»-ի մասին էսսեի մեջ, գրել եք. «Եթե Փրեսթոն Սթըրջիսը վերցներ այս գործը, ինչի մասին կարող ենք երազել, մի բանում համոզված եմ, որ առաջատար մասում կին կլիներ, ինչը և ընդգծում է Կուբրիկի սահմանները»: Կարծում եմ՝ խորիմաստ նկատառում է :

 

ԴԹ – Վերջերս նորից «The Shining»-ն էինք դիտում կնոջս հետ: Սիրեցինք շատ, բայց ասածներս այն է, որ Շելի Դյուվալն իսկական գլխացավանք է ֆիլմում: Փորձում էինք պատկերացնել մեկին, ով այդ ամբողջը կխաղար առանց խուճապի, ու ինչքան ավելի լավ կլիներ:

 

Դրա հետ կապված մյուս սխալն այն է, որ չես զգում՝՝ այդ երկուսը երբևէ իրար հանդեպ զգացմունք են ունեցել: Զգում ես, որ այդ կինը ամենավատ մարդն է, ում հետ տղամարդը կարող էր լինել: Իսկ եթե կինը լիներ այն մեկը, ում համար տղամարդը մի ժամանակ խելագարված լիներ, ով կհավատացներ, որ տղամարդը գոնե մի ժամանակ գժվել է իր համար, եթե մի փոքր տեղ լիներ մտածելու՝ ահ, հասկանում եմ՝ դա ինչ ամուսնություն է, այդ դեպքում, կարծում եմ, ձախողումն ավելի շատ բան կնշանակեր:

 

ԱՄ – Ձեր կյանքում կինոյից պահեր այցելե՞լ են:

 

ԴԹ – Զգում եմ, որ հաճախակի են լինում: Ահա դրանցից մեկը: Առաջին անգամ հանդիպել եմ կնոջս, երբ նա աստիճանից վայր ընկավ ու վայրէջք կատարեց ոտքերիս առաջ: Միշտ ասում է, որ դա դժբախտ պատահար էր:

 

Առաջին կնոջս հետ հանդիպումն էլ էր հետաքրքիր: Կանանց հետ հանդիպումը ահագին բան է խլում: (ծիծաղ)

 

ԱՄ – Ձեր «In Nevada: The Land, The People, God, and Chance» գրքից մի տող գրավեց ուշադրությունս. «Բացի նրանցից, ովքեր հավատում են պատմություններին, ես շատ քիչ բանի եմ հավատում»: Սա գործո՞ղ թեոդիցիա է:

 

ԴԹ – Չգիտեմ՝ իրոք այդպես է, բայց ես հավատում եմ դրան: Հիշում եմ, երբ «Close Encouters» ֆիլմը դուրս եկավ, մամուլի մեծ միջոցառում կար, որ գնացի: Ու Սփիլբերգին հարցրեցին. «Հավատու՞մ եք ՉԹՕ-ների գոյությանը:» Ու նա ասաց. «Չէ, բայց հավատում են այն մարդկանց, ովքեր հավատում են դրանց գոյությանը»:

 

Ես Աստծուն չեմ հավատում, բայց հավատում են այն մարդկանց, ովքեր հավատում են նրա գոյությանը: Հասկանում եմ՝ ինչու են այդպես վարվում: Ու կշարունակեմ հավատալ: Դա իմ կյանքի կարևոր մասն է կազմում:

 

ԱՄ – Մարդ հույս ունի, որ կլինեն մարդիկ, ովքեր կհավատան:

 

ԴԹ – Կարծում եմ, որ կան այդպիսի մարդիկ: Կարծում եմ՝ լիքը ուրիշ բաների էլ են հավատում: Կամ էլ իրականում նույնիսկ չեն էլ հավատում: Նկատի ունեմ՝ ես մտածում եմ, որ հավատում եմ պատմություններին, մի տեսակ գիտակցությունս հետ է քաշվում ու ասում. «Դու հավատում ես պատմություններին, չէ՞: Այո:»:

 

Կարծում եմ՝ մեր օրերում շատ մարդիկ հավատում են բաների, որոնք չեն կարող բացատրել. դա տրված է նրանց: Փոխվում է՝ կարծում եմ:

 

ԱՄ – Ի՞նչն է փոխվում՝ այն փաստը, որ չգիտենք՝ ինչի՞ն ենք հավատում:

 

ԴԹ – Երբ հայացք եմ նետում իմ կրթությանը, հասկանում եմ, որ ինձ օգնել են բացահայտելու այն, ինչին հավատում էի: Շնորհակալ եմ դրա համար ու շատ արժևորում եմ դա: Բայց չեմ կարծում, որ դա հիմա նմանաչափ տարածված է: Կարծում եմ՝ հիմա սովորեցնում են այն, ինչն աշխատում է, ինչը գործում է: Չգիտեմ. այնքան հեշտ է այդ ամենից վախենալը: Ու մեր ժամանակներին հատուկ բաներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուրն ապրում է անկմանն այնքան մոտ: Ու մարդիկ վախենում են:

 

ԱՄ – Ինձ համար կարևոր կետ է վերադարձը դեպի այն գաղափարը, որ չգիտենք՝ մեզ հետ ինչ է կատարվում, ուրեմն էլ ինչպե՞ս կարող ենք կառավարել դա, ինչպե՞ս կարող ենք մեզ զսպել: Չգիտենք, թե մեր տեխնոլոգիան մեզանից ինչ է դարձնում: Դա քաղաքականությունից ու նույնիսկ բարոյականությունից վեր է: (Սա նման չէ տպագրական սարքի կամ հակաբեղմնավորիչների հայտնագործմանը, երբ ինչ-որ տրամաբանություն կար գալիք փոփոխությունները կանխագուշակելու առումով): Ու Ձեր վերջին գրքերն  այս առեղծվածը  բացահայտող հուշումների անհետաձգելի մի որոնում են իրենցից ներկայացնումէ որպես ուղեցույց օգտագործելով ֆիլմեր դիտելու մեր հարյուրամյա պատմությունը: Չգիտեմ՝ երբ հայտնի կլինի՝ հիմնավոր մի շեմ հատե՞լ ենք արդյոք:

 

ԴԹ – Իմ կարծիքով «երբ կիմանանք»-ը ու այն զգացումը, որ ինչ-որ բան է բացահայտվելու, այլևս չկան: Ասես հին «Planet of the Apes» ֆիլմի այն պահը լինի, երբ Ազատության արձանը կանգնած է ծովափին: Համարյա այն իրավիճակն է, որ սպասում ենք այլմոլորակայինները գան ու ասեն` ինչ ենք մենք իրականում: Ու դա կցնցի, որովհետև մե՛նք բարբարոսները փաստորեն... կամ դրա նման մի բան:

 

Ազատության արձանը՝ «Կապիկների մոլորակը» ֆիլմում (1968)

 

ԱՄ – Կամ էլ մեզ կասեն, որ էլ գոյություն չունենք:

 

ԴԹ – Ճիշտ է: Ինչ-որ մեկը երազում տեսել է մեզ. «Իսկ հիմա… հանում եմ խցանը»:

 

ԱՄ - «Ձանձրացա ձեզնից»:

 

ԴԹ – Հա-հա-հա:

 

ԱՄ – Հա-հա-հա:

 

(Այստեղ ձայնագրությունն ավարտվում է)

 

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

 

Դեյվիդ Թոմսոնը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում նաեւ՝ «The Biographical Dictionary of Film»«Have You Seen…?: A Personal Introduction to 1,000 Films» եւ ամենավերջինը՝ «Warner Bros: The Making of an American Movie Studio»։

 

Ալեք Մուհիբյանը «1915» ֆիլմի համասցենարիստ/ռեժիսորը եւ Creative Armenia-ի ծրագրերի եւ արտադրության փոխնախագահն է։

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload