• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Փելեշյանը՝ ընդդեմ Լարս Ֆոն Թրիերի

(English)

 

Երկու ռեժիսոր՝ իրարից հաճախ չտարբերվող հոգեվարքի ու հաճույքի մասին։

 

 

Նախորդ դարավերջին, երբ դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերն սկսում էր գրավել եվրոպական կինոյի դժվարամատույց բարձունքները, Խորհրդային Միության փլատակների վրա իր առայժմ վերջին ֆիլմն էր ստեղծում վավերագրական կինոյի լռակյաց հսկաներից մեկը՝ Արտավազդ Փելեշյանը:

 

Նրանց երկու ֆիլմերը՝ «Հակաքրիստոս»-ը և «Կյանքը»՝ վերնագրերով թեև լիովին իրար հակասում են, բայց և այնպես շատ նմանություններ ունեն։:

 

Կյանքին ու հատկապես «վերջին» են նվիրված ֆոն Թրիերի «Հակաքրիստոսն» ու «Մելանհոլիան», ու եթե Փելեշյանի մոտ վերջին գիտակցաբար հաջորդում է կյանքը, ապա դանիացու մոտ՝ ճիշտ հակառակը:

 

Ու եթե առհասարակ համարենք, որ աշխարհի բոլոր ստեղծագործությունների թեմատիկ դաշտը կարելի է սեղմել-հասցնել «կյանք» և  «մահ», ասել է թե՝ «վերջ» և «սկիզբ» թեմաներին, ապա Լարս ֆոն Թրիերի «Հակաքրիստոսի» նախաբանը և Արտավազդ Փելեշյանի «Կյանքը» կարող ենք համարել այդ երկու եզրույթները շոշափող ցայտուն կարճամետրաժ ձոներ՝ միմյանց արմատապես հակասող, սակայն բավականին նման կինեմատոգրաֆիկ լուծումներով և  գեղագիտությամբ:

 

Երկու ֆիլմերում նույնն է առանցքային կերպարը՝ մանուկը, որը մի դեպքում գնում է դեպի մահ, իսկ մյուսում՝ գալիս լույս աշխարհ:

 

 

«Ինկվիզիտորի» դրոշմն արդեն վաղուց ստացած կազմաքանդող հոռետես ֆոն Թրիերը բազմագլուխ «Հակաքրիստոսի» նախաբանում դիմում է դասական երաժշտությանը այն նույն սկզբունքով, որին հետամուտ է Փելեշյանն իր ֆիլմերում, այն է՝ երաժշտությունը ոչ թե ուղեկցող ֆոն է կամ ձայնակցություն սյուժեին, այլ հենց ինքը՝ սյուժեն է՝ սերտաճած ֆիլմի հյուսվածքներին այնպես, որ երաժշտական ու սցենարային զարգացումները հավասարապես թելադրում են միմյանց:

 

Ֆիլմերի մոնտաժը կարծես կառուցված լինի՝ըստ երաժշտական պարտիտուրայի. երաժշտական ֆրազները հոսում են մոնտաժային ֆրազներով ու հակառակը:

 

«Հակաքրիստոսի»  նախաբանի երաժշտական ազդարարը «Lascia la spina, cogli la rosa» սոպրանո արիան է Հենդելի «Ալմիրա» օպերայից. հեգնական բարոկկո և ներքին անձկություն, որոնք ֆիլմում կատարվելիք գործողություններին համահունչ են անգամ տեքստային մասով՝ «Թող ցավը գթա ինձ՝ փշրելով տանջանքներիս շղթաները»:

 

Շղթայված է նաև Փելեշյանի մայրը՝ գամված թիկնակին՝ երկունքի սպասումով. նրա տանջանքները պիտի փշրի ոչ թե կորստի ցավը, այլ ծննդյան բերկրանքը:

 

 

Ռեժիսորները վայելում են ջրի յուրաքանչյուր կաթիլը՝ ցնցուղի տակ կամ շշի անկման ընթացքում կամ նորածնին լողացնելիս դանդաղեցված նկարահանումներով. դանդաղեցված այնքան, որքան պահաջում են Վերդին կամ Հենդելը:

 

Երաժշտության հնչյուններով արտամղվում են կանանց ճիչերը՝ մի դեպքում երկունքի ճիգերից, մյուսում՝ հեշտանքի կծկումներից:

 

Երկուստեք էսթետիզացվում է ֆիզիոլոգիան՝ նկարահանման հրապարակը վերածելով անատոմիական թատրոնի, որտեղ կանանց ջղաձգումները կանխավայելում են ինչպես գալիք ողբը, այնպես էլ՝ ցնծությունը:

 

«Կյանքի» ծնունդն ուղեկցվում է Վերդիի «Ռեքվիեմով», ինչն ինքնին պարադոքսալ է, այնքան պարադոքսալ, որքան ինքը ծննդաբերությունը՝ որպես կյանքի ու մահվան միջօրեական:

 

Փելեշյանի մոտ ռեքվիեմը դառնում է ոչ թե հոգեհանգստի, այլ հոգեծնունդի պատարագ:

 

Երաժշտական ու գեղագիտական զուգահեռ հունը երկու ռեժիսորներին վերջիվերջո դուրս է հանում տարբեր բիբլիական ափեր՝ ֆոն Թրիերին դեպի իր սիրելի հետազոտությունների գոտի՝ մարդկային մեղքի հովիտ, էքզիստենցիալ քաոս, իսկ Փելեշյանին` դեպի իր իսկ նախորդ ֆիլմի թունելվերջյան լույսը, որի ներքո մայրը՝ մանուկը գրկում, դառնում է Տիրամայր նորածնի հետ՝ հավերժանալով որպես ֆոնթրիերական քաոս հիշեցնող 90-ականների լուսավոր էկրանային սրբապատկեր:

 

Հ.Գ.

 

Լարս ֆոն Թրիերը «Հակաքրիստոսը» նկարահանել է 2009թ.-ին, Փելշեյանը՝ իր «Կյանքը»՝ 1993թ.-ին, իսկ այդ ամենից դեռ տասնյակ տարիներ առաջ կարծես այս երկու ֆիլմերը իր՝ «Առաջին օրը» բանաստեղծության տասը տողերում ամփոփել է ֆրանսիացի պոետ Ժակ Պրևերը. 

 

«Սպիտակ պաստառ պահարանում,

Կարմիր պաստառ անկողնում,

Մի երեխա մոր մեջ,

մայրը տառապանքի մեջ,

Հայրը սպասասրահում,

Սպասասրահը տան մեջ,

Տունը քաղաքում,

Քաղաքը գիշերվա մեջ,

Մահը աղաղակի մեջ`

Երեխան կյանքում:»

 

ՀԵՂԻՆԱԿ

Կարեն Ավետիսյանը սովորել է լեզվաբանություն ու միջմշակութային հաղորդակցություն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Կինոքննադատ է, «Sputnik Armenia» միջազգային լրատվական գործակալության եւ ռադիոյի հաղորդավար, սյունակագիր եւ մշակութային  վերլուծաբան։Կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամ է։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload